Պուտինին դարձյալ զանգելն անիմաստ է. Էրդողան

11:50 • 08.10.15

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ճապոնիա ուղևորվելու ճանապարհին լրագրողներին օրակարգային հարցերի շուրջ մեկնաբանություններ է տվել։

 

Ինչպես տեղեկացնում է Milliyet թերթի կայքը, Էրդողանը նշել է, որ այս փուլում Պուտինի հետ դարձյալ հեռախոսազրույց ունենալն անիմաստ կլինի։

 

Նա նշել է, որ Ռուսաստանի կողմից «գեղեցիկ քայլ չէ» բարձրագույն մակարդակով համագործակցող հարևան երկրի օդային տարածքի հանդեպ ոտնձգություն իրականացնելը։

 

«Կուրբան բայրամի նախաշեմին մենք Մոսկվայում դեմ առ դեմ հանդիպում ունեցանք Պուտինի հետ։ Օդային գործողության մեկնարկից անմիջապես հետո մենք հեռախոսազրույց ունեցանք։ Այն, ինչ տեղի ունեցավ դրանից հետո, այդ թվում՝ մեր օդային սահմանների խախտումները, դա նրանց կողմից անլրջության դրսևորում է»,-ասել է նա։

 

Չնայած դրան՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև բախումը հավանական չի համարում։

 

«Չեմ հավատում, որ Ռուսաստանը նման քայլի կգնա։ ՆԱՏՕ-ի արտակարգ նիստի անցկացումը ցույց տվեց հարցի լրջությունը»,-ասել է նա։

 

Էրդողանը նշել է, որ հաջորդ շաբաթ կարող է հեռախոսազրույց ունենալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, որպեսզի քննարկի ստեղծված իրավիճակը։