ԱՄՆ-ում լրագրողը մեղավոր է ճանաչվել Anonymous-ի հաքերների հետ դավադրության համար
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո քաղաքի դատարանն ամերիկացի լրագրող Մեթյու Քիսին մեղավոր է ճանաչել Anonymous հաքերային խմբավորման անդամների հետ դավադրության համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Դատարանը եզրակացության է եկել, որ Քիսն օգնել է հաքերներին կոտրել ամերիկյան Los Angeles Times թերթի կայքը։
Քննության վարկածի համաձայն՝ 28-ամյա լրագրողը, ով աշխատել է The Tribune Company մեդիակորպորացիայի համար, որին էլ պատկանում է Los Angeles Times-ը, աշխատանքից հեռանալուց հետո հաքերներին է փոխանցել ընկերության ծառայողական հաշիվների գաղտնաբառերը։
The Tribune Company-ն հաքերային հարձակման բոլոր հետևանքների վերացման կորուստները գնահատել է մոտ 18 հազար դոլար։
Քիսի դեմ վերջնական վճիռը կկայացվի հաջորդ տարվա հունվարին։ Նրան կարող է սպառնալ մինչև 25 տարվա ազատազրկում, սակայն փաստաբանները պնդում են, որ լրագրողը դժվար թե ստանա հինգ տարուց ավելի ազատազրկում: Հայտնի է, որ Քիսի փաստաբաններն արդեն պատրաստ են բողոքարկել դատարանի վճիռը։










