ԱՄՆ-ում ստուգում են հատուկ ծառայությունների՝ Ռուսաստանի հետ կապված հնարավոր սխալները. Reuters
ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների հետախուզության հարցերով հանձնաժողովները ներքին հետաքննություն են սկսել՝ նպատակ ունենալով պարզել հնարավոր սխալները, որոնք թույլ են տվել հատուկ ծառայությունները Սիրիայում և ավելի վաղ Ղրիմում Ռուսաստանի մտադրությունները գնահատելու ժամանակ։ Այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Կոնգրեսում և ԱՄՆ վարչակազմում ունեցած իր աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն՝ կոնգրեսականները ցանկանում են պարզել, թե որքանով են սխալվել հատուկ ծառայությունները տարբեր ազդանշանները գնահատելիս: Այն ժամանակից ի վեր, երբ Ուկրաինայի շուրջ հակամարտություն սկսվեց, ԱՄՆ հատուկ ծառայությունները փորձում են կրկին ակտիվացնել Ռուսաստանի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, սակայն նրանց չեն բավարարում ռեսուրսներն այն պատճառով, որ նրանց գործում հիմնական աշխատանքը տարվում է Մերձավոր Արևելքում, Աֆղանստանում և Պակիստանում ահաբեկչությանը հակազդելու ուղղությամբ։
Գործակալության զրուցակիցները փաստում են, որ ԱՄՆ վարչակազմն անակնկալի է եկել Սիրիայում Մոսկվայի գործողությունների արագընթացությունից և ագրեսիվությունից։ «Հատուկ ծառայությունները տեսնում էին, որ ինչ-որ բան է նախապատրաստվում, սակայն նրանք թերագնահատել են մասշտաբները»,- խոստովանել է աղբյուրներից մեկը։










