Եթե խլեին ինչ-որ մեկից բնակարան, այդ ժամանակ կասեի՝ ինչ անբարոյականություն է, բայց տվել են, ի՞նչ վատ բան կա. Սերգեյ Դանիելյան
Դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ) չուզողություն է համարում այս ամբողջ աղմուկ-աղաղակը, թե Երևանի քաղաքապետարանը բնակարան է հատկացրել մշակութային չորս գործիչներ Զառա Արամյանին, Դավիթ Ամալյանին, Վահրամ Սահակյանին և ՊերՃ Քարազյանին:
«Ինչ վատ է բան է՝ տվել են, տվել են, ինչ խնդիր կա, եթե մարդկանց բնակարան են տվել, մանավանդ, որ նրանք կարիք ունեին այդ բնակարանների»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Սերգեյ Դանիելյանը նշեց, թե ուրախ է այդ մարդկանց համար և պետք չէ լավ բանի մեջ էլ վատ բան գտնել: «Ես ուրախ եմ նրանց համար, եթե խլեին ինչ-որ մեկից, այդ ժամանակ կասեի, վայ ինչ անբարոյականություն է, մարդուց բնակարանը խլել են, բայց Զառային բնակարան են տվել, դե փառք Աստծո, էդ աղջիկը չուներ՝ տվեցին»,- ասաց նա:
Դերասանը քաղաքապետարանի նման նախաձեռնությունը նույնպես ողջունում է և նշում, թե ինքը կոնկրետ դեմ չէ, որ իր հարկերից գոյացած գումարից բնակարաններ տան կարիքավորներին, այդ թվում նաև արվեստագետներին:
«Եթե այդ փողը վերադարձվում է որևէ աշխատող մարդու, որն արդար աշխատել է և նրան բնակարան են տվել, ի՞նչ վատ բան կա»,- ասաց նա:










