Սիրիայում ոչ թռիչքային գոտու ստեղծումը ՌԴ-ի հետ անմիջական առճակատման վտանգ է պարունակում. Սպիտակ տան ներկայացուցիչ

09:40 • 08.10.15

Ռուսաստանի հետ անմիջական առճակատման վտանգը պատճառներից մեկն է, որի համար ԱՄՆ-ն այս պահին չի քննարկում Սիրիայում ոչ թռիչքային գոտիների ստեղծման տարբերակները։ Այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը, հաղորդում է РИА Новости-ն։

 

«Ես Ձեր հայեցողությանը կթողնեմ հարցը, թե արդյո՞ք հնարավոր է, որ դա դառնա քննարկման առարկա»,- ասել է նա, երբ լրագրողները խնդրել են նրան մեկնաբանել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի առաջատար թեկնածու Հիլարի Քլինթոնի հայտարարությունը, որ Սիրիայում նման գոտիները հնարավոր չէ ստեղծել առանց Ռուսաստանի մասնակցության։

 

Էռնեստը նման գոտիների ստեղծման աջակիցներին խորհուրդ է տվել «պատասխանել հիմնարար հարցի՝ որտե՞ղ դա անել»: «Որոշները, ներառյալ՝ Թուրքիայում մեր դաշնակիցները, առաջարկում էին նման ոչ թռիչքային գոտիներ ստեղծել թուրքական սահմանի երկայնքով, հատկապես Սիրիայի հյուսիսային և անգամ՝ հյուսիս-արևելյան հատվածում: Ուրիշները կողմնակից են երկրի արևմուտքում նման գոտու ստեղծմանը, որտեղ շարունակվում են բախումներն Ասադի և ընդդիմության միջև»,- ասել է Էռնեստը։

 

«Հարցի պատասխանը, թե ինչպես եք պատրաստվում ստեղծել այդ գոտիները, կարևոր է հատկապես այն պատճառով, որ եթե դա անել, օրինակ, Դամասկոսի մոտակայքում, Իդլիբի շրջանի մոտակայքում, ապա դա հղի է Ռուսաստանի հետ անմիջական առճակատման վտանգով, քանի որ կառաջացնի փոքր հակամարտություն, եթե փորձ արվի արգելքի գոտի սահմանել այնտեղ, որտեղ այժմ թռչում են ռուսական ինքնաթիռները»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

 

Դրա հետ մեկտեղ՝ Էռնեստն ընդգծել է, որ այդ քայլը «լուրջ ռեսուրսներ է պահանջում», մասնավորապես՝ «մեծ քանակությամբ ինքնաթիռներ և զինվորական անձնակազմ»։