Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ՄԻՊ-ին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին. տեղեկացնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Վարչապետը ողջունել է Կ. Անդրեասյանի ցուցաբերած ուշադրությունն Արցախի հանդեպ՝ համոզմունք հայտնելով, որ նրա պարբերական այցերն իրենց պտուղներն են տալու տեսանելի ժամանակահատվածում:
«Արցախի իշխանությունները մեծապես կարևորում են մարդու իրավունքների պաշտպանության անընդհատ բարելավումը հանրապետությունում՝ խրախուսելով թե՛ պետական և թե՛ քաղաքացիական հասարակության կառույցների ակտիվ մասնակցությունն այդ գործում: Մեր նպատակն է անվտանգության , բարեկեցության և իրավահավասարության հնարավորինս արդյունավետ պայմաններ ապահովել բոլորի համար, որպեսզի հայրենիքը մշտապես քայլի զարգացման ուղով»,- նշել է վարչապետը:
Կարեն Անդրեասյանն ուրախություն է հայտնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Արցախի ունեցած նշանակալի ձեռքբերումների առթիվ՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս մասնակից լինել հետագա հաջողությունների գրանցման գործում: Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները՝ ձեռք բերելով կոնկրետ պայմանավորվածություններ:










