Ադրբեջանի հեռուստաալիքների եթերում այլընտրանքային կարծիքներ չկան. հետազոտություն
Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտը հրապարակել է նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մեդիայի մոնիթորինգի արդյունքները, գրում է contact.az-ը։
Ուսումնասիրվել է սեպտեմբերի 1-30-ն ընկած ժամանակահատվածը։
Հետազոտությունը ցույց է տալիս, որ բնակչության տեղեկատվական պահանջները 92-95 տոկոսով բավարարվում են էլեկտրոնային մեդիաների, նախևառաջ՝ հեռուստատեսության միջոցով։
Մոնիթորինգը բացահայտել է հեռուստաալիքների եթերում քաղաքական բազմազանության բացակայություն։
Նշվում է, որ 35 ժամ է նվիրված եղել իշխանության օգտին տեղեկատվությանը, մինչդեռ ընդդիմության օգտին չի եղել և ոչ մի վայրկյան: Ընդդիմության դեմ եղել է 6 րոպե 2 վայրկյան։
Առցանց լրատվամիջոցների մոնիթորինգն ընդգրկել է 512 հրապարակում։ Նյութերի ընդհանուր ծավալից 53 տոկոսը եղել է իշխանության օգտին, 22 տոկոսը՝ դեմ։
Անկողմնակալ հրապարակումները կազմել են 6 տոկոս։ Ընդդիմության օգտին եղել է 13 տոկոս, ընդդիմության դեմ՝ 2 տոկոս:
Ընդհանուր առմամբ, մոնիթորինգը գրանցել է քաղաքական բազմակարծության և այլընտրանքային կարծիքների բացակայություն պետության կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներում։










