Հայաստանում պե՞տք է կառուցվի դիակիզարան. կարծիքները իրարամերժ են

12:36 • 09.10.15

Հայաստանում մարդիկ պետք է ընտրություն ունենան՝ դիակիզարանի և գերեզմանոցի միջև, ինչով կլուծվեն թե՛ ֆինանսական որոշ խնդիրներ, թե՛ տարածքների բացակայության խնդիրներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց հոգեբան Իրինա Ծատուրյանը։

«2006 թվականին Հայաստանում օրենք ընդունվեց, համաձայն որի` թույլատրվում է դիակիզարանի ստեղծումը: Դիակիզարանի կառուցումը մեծ գումարներ է պահանջում, որի հնարավորությունը պետությունը չունի: Սակայն, կա հոգեբանական կողմը, մեր ժողովուրդը պատրաստ չէ Հայաստանում դիակիզարանների առկայությանը»,- ասաց Իրինա Ծատուրյանը:

Նա ընդգծեց, որ ամբողջ աշխարհն անընդհատ փոփոխվում է, և պետք է մենք էլ դրան զուգընթաց փոխենք մեր աշխարհայացքը տարբեր հարցերի շուրջ։

«Մենք հող արդեն չունենք: Մենք ունենք գերեզմանոցներ, որոնք սողանքների պատճառով բացվել են: Լինում են դեպքեր, երբ ջրերը տանում են գերեզմանոցները: Երբ դրսում որևէ մեկը մահանում է, նրանց աճյունափոշին են բերում և այդ դեպքերում դա ընդունվում է հենց մեր՝ հայերի կողմից: Այդ դեպքում ինչպե՞ ս է լինում, նրանք քրիստոնյա չե՞ն: Մենք փոփոխության շատ դժվար ենք գնում: Ես գտնում եմ, որ մեր երկրում երկու տարբերակն էլ պետք է գործի: Թող լինի գերեզմանոց և դիակիզարան»,-ասաց նա:

Ըստ նրա՝ հայաստանցիների՝ դիակիզելուն դեմ լինելու պատճառը Հայ Առաքելական Եկեղեցին է և նրա դոգմաները, որոնք, ըստ նրա, վերանայման կարիք ունեն։

Արման սարկավագ Սաֆարյանն էլ հարցի հետ կապված հիշեցրեց, որ համաձայն Սուրբ Գրքի՝ մարդը ստեղծվել է հողից ու պետք է հող դառնա։

«Մարդուն, երբ թաղում են, մարմինը կազմալուծվում է 50 տարվա ընթացքում: Միակ խնդիրը, որ կարող են լինել Արտեզյան ջրերն են, որոնք կարող են խառնվել հողին: Բայց եթե գերեզմանները լինեն անտառապատ տարածքում, խնդիր չի լինի: Պարզապես պետք է ամեն ինչ ճիշտ կազմակերպվի: Պետք է կառավարությանը դիմել, որ հստակ ու ճիշտ գործի»,-ասաց նա:

Սարկավագը նշեց նաև, որ 150-200 տարվա գերեզմանների վրա կարող է լինել ևս մեկ գերեզման, ինչը թույլատրվում է եկեղեցու կանոնագրքով և փաստորեն տեղի հարցը կլուծվի։

«Մեր եկեղեցին դիակիզարանների վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում չունի, քանի որ այս խնդիրը դեռևս չի հասունացել մեր հասարակության շրջանում այնքան, որ եկեղեցին դիրքորոշում հայտնի»,-ասաց նա։