Իտալիա-Ադրբեջան. խաղադաշտում մարդու իրավունքներն են, որտեղ պետք է գոլ խփել բռնապետ Ալիևին. Panorama.it
Հոկտեմբերի 10-ին 2016 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի շրջանակում Իտալիայի ազգային հավաքականը Բաքվում հանդիպում կունենա Ադրբեջանի թիմի հետ։ Իտալիա-Ադրբեջանը, սակայն, միայն ֆուտբոլային խաղ չէ, գրում է իտալացի լրագրող Աննա Մացոնեն panorama.it կայքում։
Խաղադաշտ դուրս չեն գա միայն 22 խաղացողներ, խաղադաշտում շատ ավելին կլինի, գրում է հեղինակը՝ խոսելով մարդու իրավունքների մասին, որն, ինչպես նա է նշում, մի թեմա է, որտեղ ադրբեջանական վարչակազմը մշտապես խաղից դուրս է։
«Ճիշտ է, որ սպորտն ու քաղաքականությունը ձեռք ձեռքի տված չեն գնում, բայց ֆուտբոլի դաշտը, որտեղ կայանալու է խաղը, այլ դաշտերի նման չէ։ Գործերն այնքան էլ լավ չեն գնում Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի համար»,- գրում է նա։
Օրեր առաջ Եվրախորհրդարանը քվեարկել է մի բանաձևի օգտին, որը խստորեն դատապարտում է ադրբեջանական վարչակազմի հանցանքները խոսքի և մտքի ազատության դեմ, հիշեցնում է հեղինակը։
Ադրբեջանում լրագրողները, բլոգերները և ակտիվիստները պարբերաբար սպառնալիքների են ենթարկվում և ազատազրկվում քաղաքական շարժառիթներով: Ալիևի դիվանագիտությունը, որը երկխոսությանը և բանակցություններին նախընտրում է «խավիարի դիվանագիտությունը»՝ եվրոպացի գործընկերներին իր կողմը գրավելու համար, չի վարանում երկաթե բռունցք ցույց տալ ընդդիմությանը՝ բացարձակ անտարբերություն ցուցաբերելով միջազգային հանրության բազմիցս հնչեցրած կոչերին՝ դադարել ոտնահարել մարդու և քաղաքացիական հասարակության իրավունքները։
Ալիևի վարչակազմը խուլ է ձևանում, և փաստացիորեն Եվրոպական խորհրդարանի խիստ դատապարտումն այնքան է կատաղեցնում բռնապետին, որ նա սրում է Հայաստանի դեմ ռազմական լարվածությունը։
«Բրյուսելի պաշտոնական փաստաթղթերին Ալիևը պատասխանում է ծանր հրետանու միջոցով»,- գրում է հեղինակը՝ հիշեցնելով վերջերս հայկական սահմանամերձ գյուղի գնդակոծման և չորս զոհերի մասին։
Դրան ավելանում են կառավարության որոշմամբ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումը՝ գրասենյակի աշխատակիցներին որպես դիվերսանտ վերաբերելով, և ընդդիմության դեմ իրականացված բռնաճնշումները, ինչպես վկայում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր վերջին զեկույցում։
Որքան շատ է վարչակազմն անկյուն մղվում, այնքան ավելի շատ է այն արձագանքում բռնությամբ՝ մտավախություններ առաջացնելով Կովկասի սրտում պատերազմի վերսկսման առնչությամբ, որը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար, գրում է հեղինակը։
«Երբ իտալացի մեկնաբանները շաբաթ օրը մեկնաբանեն Իտալիա-Ադրբեջան խաղը, հիշե՛ք Բաքվի վարչակազմի սպառնալիքը՝ ուղղված Դորտմունդի «Բորուսիայում» հանդես եկող հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, ձերբակալել նրան Ադրբեջանում հայտնվելու դեպքում»,- գրում է իտալացի լրագրողը։
Ահա թե ինչու Իտալիա-Ադրբեջանը պարզապես ֆուտբոլային խաղ չէ, հավելում է նա։ Խաղադաշտում կդրվեն մերժված ազատությունները և մարդու իրավունքների նկատմամբ կատաղի հարձակումները։ Հիանալի կլիներ վարչակազմին հարված հասցնել և գոլ խփել բռնապետին։ Իտալիան այդ դեպքում, բացի Եվրոպայի առաջնությանն իր մասնակցությունն ապահովելուց, ավել մի բան ձեռք կբերի, եզրափակում է նա։
Կարդացեք նաև Աննա Մացոնեի նախորդ նյութը՝










