Հս. Կորեայում մեծ շուքով նշել են հանգուցյալ Կիմ Չեն Իրի՝ Աշխատավորական կուսակցության ղեկավար դառնալու 18-ամյակը

11:28 • 09.10.15

Հյուսիսային Կորեայում պարային երեկույթներ են կազմակերպվել Կիմ Չեն Իրի՝ Կորեայի աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար դառնալու 18-րդ տարեդարձի կապակցությամբ։

 

Ինչպես հաղորդել են տեղի լրատվամիջոցները, դրանք տեղի են ունեցել բոլոր նահանգային կենտրոններում ու քաղաքներում։

 

Փհենյանում տասնյակ երիտասարդներ տոնական հանդերձներով, և աղջիկներ՝ ավանդական հագուստներով, պարել են երկրում հայտնի հայրենասիրական երգերի ներքո։

 

Հյուսիսկորեական պարբերականներն ընդգծել են Կիմ Չեն Իրի կազմակերպչական ունակություններն ու նրա «անմահ ավանդը» կուսակցության, երկրի ու հեղափոխության գործում։

 

1997 թվականի հոկտեմբերի 8-ին «մեծ ղեկավարը» զբաղեցրել է կուսակցական բարձրագույն պաշտոնը: Այդ ժամանակ նա Կորեական ազգային բանակի գերագույն գլխավոր հրամանատարն էր։

 

Հյուսիսային Կորեայի բնակիչների գիտակցության մեջ 2011 թվականի դեկտեմբերին սրտի կաթվածից մահացած Կիմ Չեն Իրը հավերժ ողջ է, նշում է աղբյուրը։