Թուրքիայի փոխվարչապետը դեմ է, որ Սիրիայի խնդրի պատճառով թուրք-ռուսական հարաբերությունները խաթարվեն

15:49 • 09.10.15

Թուրք-ռուսական հարաբերությունները չպետք է տուժեն Սիրիայում առկա իրավիճակի պատճառով, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։

 

«Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում նա հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան երկար տարիներ խաղաղ ապրել են, և երկու երկրների միջև տնտեսական, քաղաքական ու առևտրային շատ լավ կապեր են հաստատված։

 

«Այդ հարաբերությունները չպետք է տուժեն Սիրիայում ինչ-որ քաղաքական շահերի պատճառով։ Թուրքիան, իրականում, մի երկիր է, որը կարող է պաշտպանել իր սահմանները։ Մենք իրավունք ունենք պահանջելու, որ անհապաղ վերջ դրվի թուրքական սահմանների խախտումներին, իսկ եթե նրանք (ռուսական կողմը- Խմբ.) ասում են, որ «սխալ» է տեղի ունեցել, պետք է հետքայլ անեն»,- հայտարարել է փոխվարչապետը։

 

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Մոսկվայի գործողությունները Սիրիայում «մեծ սխալ» են։ 

 

Հիշեցնենք, որ ՌԴ-ն սեպտեմբերի 30-ից ավիահարվածներ է հասցնում Սիրիայում ահաբեկիչների դիրքերին։