Պենտագոնի ղեկավարը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն կպաշտպանեն Թուրքիային
ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Էշթոն Քարտերն ու Վեջդի Գյոնուլը երեկ Բրյուսելում քննարկել են Սիրիայում իրավիճակն ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Նախարար Քարտերը հաստատել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հանձնառությունը Թուրքիայի անվտանգության պահպանման հարցում՝ պայմանավորված Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքը խախտելու վերջին դեպքերով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կողմերը նաև քննարկել են Թուրքիայի ներդրումն ԻՊ-ի դեմ պայքարի հարցում, իսկ Քարտերը թուրքական կողմին երախտագիտություն է հայտնել կոալիցիոն ուժերին «Ինջիրլիք» ռազմաբազան տրամադրելու համար։
«Նախարար Քարտերն ու նախարար Գյոնուլը քննարկել են ԻՊ-ի դեմ պայքարի հետագա քայլերն ու Թուրքիայի հարավային սահմանների անվտանգության հարցը, այդ թվում՝ օտարերկրացի զինյալների կողմից որպես տարանցիկ երկիր Թուրքիան օգտագործելը»,-ասված է հաղորդագրության մեջ։










