Քիշնևում ցուցարարները պատրաստվում են վաղը փակել փողոցները

16:08 • 09.10.15

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում բողոքի ակցիայի մասնակիցները պատրաստվում են վաղը փակել փողոցները։ Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հայտարարել է Մոլդովայի սոցիալիստների կուսակցության ղեկավար Իգոր Դոդոնը։

 

«Մենք պետք է փակենք ճանապարհները 30 րոպեով՝ որպես նախազգուշական ակցիա։ Մենք չենք կարող հաղորդել, թե հենց որտեղ են տեղի ունենալու մեր ակցիաները, որպեսզի իշխանություններին թույլ չտանք նախազգուշական միջոցառումներ ձեռնարկել»,- պարզաբանել է Դոդոնը։

 

Նա նաև հաղորդել է, որ հոկտեմբերի 15-ին խորհրդարանի մոտ բողոքի զանգվածային ակցիա է լինելու։

 

«Այդ օրը մենք վճռական մարտ կտանք։ Մենք պետք է պատգամավորներին թույլ տանք մտնել շենք, սակայն թույլ չտանք, որ այնտեղից դուրս գան, քանի դեռ մեր պահանջները չեն իրականացրել։ Մենք կհավաքվենք խորհրդարանի մոտ, որպեսզի մեզ լսեն»,- ասել է Դոդոնը։

 

Սեպտեմբերի 25-ից Սոցիալիստների կուսակցությունն ու «Մեր կուսակցությունն» անժամկետ բողոքի ակցիա են իրականացնում։ Սեպտեմբերի 27-ին անցկացվել է հանրահավաք, որին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ։