Սիրիայում ուղղաթիռ են խոցել, որը կարող էր ՌԴ օդուժին պատկանել

10:51 • 09.10.15

Սիրիայի ապստամբները հինգշաբթի օրը Համա շրջանում ուղղաթիռ են խոցել՝ մինչ Ռուսաստանը շարունակում է իր ավիացիայի միջոցով աջակցություն տրամադրել ցամաքում կռվող սիրիական կառավարական ուժերին։ Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը, գրում է Reuters գործակալությունը։

 

Ուղղաթիռը կործանվել է հյուսիսային Համայում գտնվող Քաֆր Նաբուդա գյուղի մոտակայքում։ Պարզ չի եղել՝ այն արդյոք սիրիական է եղել, թե ռուսական:

 

Հինգշաբթի օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերն «Իսլամական պետություն» խմբավորման 27 թիրախ են ոչնչացրել սիրիական Հոմս, Համա, Ռաքքա շրջաններում։

 

Նախարարությունը նշել է, որ Համա և Ռաքքա շրջաններում ավիացիայի թիրախները եղել են ԻՊ-ի մարզման ճամբարները։

 

Սիրիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ալի Աբդուլլահ Այուբը հայտարարել է, որ ՌԴ-ի ավիահարվածներից հետո Սիրիայի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են սկսել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: