Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում մնացած խաղողը լրացուցիչ կմթերվի. Գառնիկ Պետրոսյան

20:12 • 10.10.15

Թեպետ Իջևանի գինու գործարանը դադարեցրել է մթերման աշխատանքները,  Տավուշի մարզի սահմանամերձ` Պառավաքար, Չինարի,Արծվաբերդ և Այգեձոր գյուղերում խաղողի  չիրացված բերքը` շուրջ 120 տոննայի չափով, լրացուցիչ կմթերվի:


Tert.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը` նշելով՝ «Կա որոշակի քանակ,  որի ծավալը ճշտվում է տեղում»:


Նա հավելեց,  Արմավիրում և Արարատում  խաղողի բերքի կուտակումներից  ու հերթերից խուսափելու համար տեղերում սկսել են խաղողագործներին կտրոններ բաժանել. «Որ, ենթադրենք, այսքան ծանրաբեռնվածության մեքենաներ կարող են ընդունել այսինչ ձեռնարկությունում, այսքան`այնինչում»:


Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ մթերող կազմակերպություններին, որոնք ունեին ինչպես տարաների, այնպես էլ շրջանառու միջոցների խնդիր, կառավարության օժանդակությամբ տրվել են երկարաժամկետ վարկեր, որպեսզի կարողանան գյուղացիներին վճարել: Այդ վարկերը ձևակերպվել են 9,5 տոկոսով:


Նշենք, որ այս տարի Հայաստանում գործում են 49 տարբեր հզորությունների մթերող գործարաններ ու ձեռնարկություններ, որոնցից 5-6-ը արդեն դադարեցրել են մթերումները: