Թուրքական առաջատար թերթի գլխավոր խմբագրին կալանավորելու որոշում է կայացվել՝ Էրդողանին Twitter-ոմ վիրավորելու համար

11:20 • 10.10.15

Թուրքիայում դատարանը երկրի առաջատար թերթերից մեկի` Today’s Zaman-ի գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենաշին կալանավորելու որոշում է կայացրել` այդպիսով չեղարկելով խմբագրին պայմանական ազատազրկման ենթարկելու որոշումը։

 

Ինչպես նշում է hurriyetdailynews.com-ը, դատավճռի հրապարակումից անմիջապես հետո Քենաշն ուշագրավ գրառում է արել Twitter սոցկայքի իր միկրոբլոգում:

 

 

«Այսօր ինձ հնարավորություն տրվեց իմ կալանավորման մասին որոշումը որպես գլխավոր լուր տեղադրել թերթում: Սա է Թուրքիայի ողջ հեգնանքը»,- նշել է Քենաշը։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ խմբագիրն ավելի վաղ` հոկտեմբերի 8-ին, պայմանական ազատազրկման էր դատապարտվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Twitter-ոմ վիրավորելու համար։

 

«Անկախ ամեն ինչից՝ ես շարունակելու եմ պայքարել հանուն ժողովրդավարության և ազատության։ Դուք չեք կարողանա լռեցնել ազատատենչ հոգու ձայնը` նույնիսկ ինձ բանտ ուղարկելուց հետո»,-գրել է Քենաշը։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Today’s Zaman-ի գլխավոր խմբագիրը մասնավորապես մեղադրվում է 2013-ին Twitter-ում Էրդողանի մերձավոր շրջանակին մերկացնելու համար՝ այն շրջանում, երբ «Գյուլենի գործով» տեղի էին ունենում «զտումներ» թուրքական մեդիադաշտում:
 

Today’s Zaman-ը թուրք գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի լրատվամիջոցն է համարվում, ով հանդես է գալիս հակաիշխանական դիրքերից։