Է. Նալբանդյանը հանդիպել է Վալոնի-Բրյուսել կառավարության նախագահ-նախարարի հետ

13:45 • 10.10.15

Հոկտեմբերի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վալոնիա-Բրյուսելի կառավարության նախագահ-նախարար Ռուդի Դեմոթի հետ:
 

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովն այն հարթակն է, որը հնարավորություններ է ստեղծում ավելի սերտացնել երկկողմ հարաբերությունները: Նախարարը արժևորեց Բելգիայի ֆրանկոֆոն համայնքի ղեկավարի սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռուդի Դեմոթն իր գոհունակությունը հայտնեց Երևանում գտնվելու և Հայաստանի հետ փոխգործակցության զարգացման վերաբերյալ քննարկումներ ունենալու կապակցությամբ: Նա խորհրդանշական համարեց, որ Երևան է այցելում հենց 2015թ.՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում։


Էդվարդ Նալբանդյանը և Ռուդի Դեմոթը քննարկեցին տնտեսական և մշակութային բնագավառներում փոխգործակցության խթանման ուղիները, անդրադարձան բարձր տեխնոլոգիաների և գիտակրթական ոլորտներում համագործակցության հաստատման հարցերին։


Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային արդիական խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։
Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։