Տարոն Մարգարյանն իր երախտիքն է հայտնել մայրաքաղաքի զարգացման գործում ավանդ ներդրած անձանց
Երևանի 2797-ամյակի առթիվ քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպվել է տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց ընդունելություն, որի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր երախտիքն է հայտնել նրանց՝ մայրաքաղաքի զարգացման գործում ներդրած ավանդի համար, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
«Ավանդաբար մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան օրվան նվիրված տոնակատարության շրջանակում ամփոփում ենք տարվա ընթացքում արածը, հատկանշում ձեռքբերումներն ու, ըստ այդմ, նաև գնահատում ենք այդ ձեռքբերումների մեջ իրենց զգալի ավանդն ունեցող մեր համաքաղաքացիներին: Եվ այն, որ ձեռքբերումները քիչ չեն, ուրախալի ու ոգևորիչ փաստ է»,– ասել է Տարան Մարգարյանը:
Երևանի քաղաքապետը նշել է, որ այստեղ մարդիկ են, ովքեր ձեռքբերածով բավարարվող չեն ու այսուհետ ևս կանեն ամեն ինչ, որ Երևանն իսկապես լինի ավելի լավը, գեղեցիկ ու հարմարավետ իր բնակչության ու իր հյուրերի համար:
«Այսօր այստեղ են քաղաքային տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտների ներկայացուցիչներ, մարդիկ, որոնց ամենօրյա աշխատանքի շնորհիվ է, որ օրեցօր զարգանում է մեր քաղաքը, մարդիկ, ովքեր ամեն ինչ անում են, որ մեր 2797-ամյա բարի մայրաքաղաքը միշտ մնա երիտասարդ ու պահպանի երևանյան ջերմությունը: Յուրաքանչյուրդ ձեր բնագավառում ցուցաբերել եք նվիրում, ձեր ավանդն եք բերել մեր սիրելի մայրաքաղաքի զարգացմանն ու բարօրությանը: Շնորհավորում ու ամենայն բարիք եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին»,- ընդգծել է քաղաքապետը։
Տարոն Մարգարյանն այնուհետ Երևանի քաղաքապետը տարբեր ոլորտներում բազմամյա գործունեության և վաստակի համար մի շարք անձանց պարգևատրել է հուշամեդալներով և շնորհել կոչումներ:










