Թուրքիան չի փոխի խորհրդարանական ընտրությունների օրը Անկարայի ահաբեկչության պատճառով

15:55 • 11.10.15

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը չի փոխվի՝ չնայած Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությանը: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է թուրքական իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյան:


«Հարձակման պատճառով ընտրությունների հետաձգումը բոլորովին օրակարգում չէ, անգամ որպես տարբերակներից մեկը: Ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 1-ին, ինչպես և նախատեսվում էր»,- ասել է աղբյուրը:


Իշխանության ներկայացուցչի խոսքով, «նախընտրական միջոցառումներին աճող ռիսկերի պատճառով անվտանգությունը, որն արդեն ուժեղացվում է, էլ ավելի շատ կուժեղացվի»: Նա ընդգծել է, որ «ընտրությունները կանցկացվեն անվտանգ ռեժիմում»:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Ստամբուլում մոտ 10 հազար մարդ է դուրս եկել փողոց՝ դատապարտելով Անկարայում ահաբեկիչների գործողությունները:


Հիշեցնենք, որ Անկարայում հանրահավաքի ժամանակ ահաբեկչություն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 126 մարդ, վիրավորվել՝ 400-ը: Երկու պայթյուն էր տեղի ունեցել «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» հանրահավաքի անցկացման վայրում, որի մասնակիցները հանդես էին գալիս թուրքական իշխանությունների և քրդերի միջև մարտական գործողությունների դադարեցման օգտին: