Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը. սպասվում է անձրև և ամպրոպ. Գագիկ Սուրենյան
Հանրապետության տարածքին հոկտեմբերի 13-ին Սև ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը. Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Վաղը կեսօրից հետո, հոկտեմբերի 14-ին և 15-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հոկտեմբերի 14-ին երեկոյան ժամերին սպասվում են հորդառատ անձրևներ և քամու ուժգնացում»,- ասաց նա:
Հոկտեմբերի 15-ին կեսօրից հետո ըստ նրա՝ տեղումները աստիճանաբար կդադարեն և 16-18-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Օդի ջերմաստիճնը ցերեկային ժամերին 13-14-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով և Արարատյան դաշտում ու մայրաքաղաքում կտատանվի +17...+19 աստիճանի սահմաններում»,-ասաց նա:
Գագիկ Սուրենյանը նշեց, որ հոկտեմբերի 17-ից օդային հոսանքները կդառնան հարավ-արևմտյան՝ և հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք օդային զանգվածներ. «Օդի ջերմաստիճանը 17-18-ին կբարձրանա 4-5 աստիճանով և Արարատյան դաշտում կհասնի մինչև +23...+24 աստիճանի»,-ասաց նա:
Գագիկ Սուրենյանը նշեց, որ առաջիկա 10 օրերին Արարատյան դաշտում ցրտահարության վտանգ չի տեսնում: Ըստ նրա՝ ինչպես և կանխատեսվել էր, հոկտեմբերի 11-ի գիշերը հանրապետության լեռնային շրջաններում գրանցվել են առաջին ցրտահարությունները: «Աշոցքում գիշերը ջերմաստիճանը նվազեց մինչև -5, Գյումրիում և Ամասիայում՝ -2, Ստեփանավանում և Տաշիրում՝ -2...-3, Մարտունիում և Գավառում՝ 0...-1, Ապարանում՝ -2»,-ասաց նա:










