Իրանի խորհրդարանը հավանության է արժանացրել միջնորդ «վեցյակի» հետ կնքված միջուկային գործարքի իրականացումը
Իրանի խորհրդարանը հավանության է արժանացրել միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի իրականացումը, գրում է korrespondent.net-ը։
Պատգամավորները քվեարկել են օրենքի նախագծի օգտին, որը երկրի կառավարությանն իրավունք է տալիս սկսել միջազգային միջնորդների հետ կնքված համաձայնագրի իրականացումը։
Փաստաթուղթը հավանության է արժանացրել 139 խորհրդարանական, 100-ը դեմ է հանդես եկել, 12-ը ձեռնպահ է մնացել։
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ստորագրվել է Վիեննայում 2015 թվականի հուլիսի 14-ին։ Փաստաթուղթը ստորագրել են Իրանը և «վեցյակը»՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան։
Համաձայնագրի համաձայն՝ Իրանը պարտավորվում է չստեղծել միջուկային զենք և միջուկային օբյեկտներն օգտագործել բացառապես խաղաղ ատոմի արտադրման նպատակներով, դրա դիմաց Արևմուտքը կչեղարկի սահմանած պատժամիջոցները։










