Բիշքեկի ռազմավարական օբյեկտներն ուժեղացված հսկողության տակ են առնվել՝ բանտից իսլամիստների փախուստից հետո

12:55 • 12.10.15

Ղրղզստանի վարչապետը հանձնարարել է ուժեղացված հսկողության տակ առնել Բիշքեքի բոլոր ռազմավարական նշանակության օբյեկտները՝ կալանավայրից իսլամիստների փախուստից հետո, գրում է gazeta.ru-ն։

 

Այդ մասին Թեմիր Սարիևը հայտարարել է կառավարության արտահերթ խորհրդակցության ժամանակ։

 

Վարչապետը հանձնարարել է քննարկել բոլոր նրանց պատասխանատվության հարցը, ովքեր թույլ են տվել կալանավորների փախուստը՝ «սկսած պատժի կրման պետական ծառայության ղեկավարից և վերջացրած պահակախմբով»։

 

Բացի այդ, հանձնարարվել է մայրաքաղաքի բոլոր ռազմավարական օբյեկտները վերցնել հատուկ հսկողության տակ։

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ այս գիշեր Բիշքեքի մոտ գտնվող կալանավայրից փախուստի է դիմել կրոնական ծայրահեղականության և ահաբեկչության համար պատասխանատվության ենթարկված ինը հոգի՝ սպանելով Ղրղզստանի պատժի կրման ծառայության երեք աշխատակցի։ Հինգ հոգու հաջողվել է բռնել, չորսի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։