ՕՊԵԿ-ի ղեկավարը նավթի հետագա թանկացում է կանխատեսում

14:01 • 12.10.15

Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Աբդալա Սալեմ ալ-Բադրին Քուվեյթի մայրաքաղաքում համաժողովի ժամանակ հայտարարել է, որ նավթի պահանջարկը մոտ ժամանակներս կաճի՝ կարտելի մեջ չմտնող երկրներից մատակարարումների կրճատման ֆոնին, գրում է lenta.ru-ն։

 

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ հումքի հավելյալ առաջարկը պահպանվում է, իսկ վերջին հինգ տարիներին պաշարները գտնվում են միջինից բարձր մակարդակի վրա։

 

Կարտելի ղեկավարի խոսքով՝ նավթային ճյուղի համար «լավագույն օրերը դեռ առջևում են»։ Համաձայն նրա՝ նավթի համաշխարհային պահանջարկը մինչ 2040 թվականը կաճի մինչև օրական 110 միլիոն բարելի։ Այժմ, ՕՊԵԿ-ի տվյալներով, նավթի համաշխարհային արդյունահանման ծավալը կազմում է օրական մոտ 75 միլիոն բարել։

 

Իր հերթին Քուվեյթի պետական նավթային ընկերության՝ Kuwait National Petroleum Co.-ի ղեկավար Մուհամմադ Գազի ալ-Մութաիրին կանխատեսել է պահանջարկի և առաջարկի միջև ճեղքի վերացում արդեն հաջորդ տարվա երրորդ եռամսյակում։