Ինչ վճիռ կկայացնի ՄԻԵԴ–ը Փերինչեքի գործով. սպասումները զգուշավոր են
Հոկտեմբերի 15-ին ժամը` 11.45–ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վերին պալատը կհրապարակի հուլիսի 9-ին կայացրած և առայժմ գաղտնի պահվող` «Շվեյցարիան ընդդեմ Փերինչեքի» դատավարության վճիռը, որի վերաբերյալ Սփյուռքում և հայաստանյան
քաղաքագետների նկատմամբ զգուշավոր սպասումներ են` լավատեսականից, մինչև հոռետեսական։
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց.«Չեմ կըրնար որևէ բան ասել, որովհետև ակնկալությունն ուրիշ է, դատարանի որոշումը` ուրիշ»:
Իսկ Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Արա Թորանյանն էլ նույն հարցին պատասխանելով` լակոնիկ տեղեկացրեց.«Ուզում եմ` լավատես ըլլալ»: Թերևս, այդ պատճառով, ըստ Արա Թորանյանի, այս պահի դրությամբ որևէ ակցիաներ նախատեսված չեն:
Tert.am–ի հետ զրույցում թուրքագետ Լևոն Հովսեփյանն էլ կարծիք հայտնեց, որ Եվրոպական դատարանը կփորձի այնպիսի վճիռ ընդունել, որը քաղաքական իմաստով բավարար կլինի երկու կողմերի համար էլ:
«Չվնասելով Թուրքիային և չնեղացնելով Հայաստանին»,- կարծիք հայտնեց թուրքագետը և հավելեց. «Այսինքն`կարելի է որոշակի իմաստով երկդիմի որոշման, ոչ հստակ: Միգուցե նաև ՄԻԵԴ-ից պատասխանատվությունը գցելու որոշում»:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մեկնարկել էր Դողու Փերինչեք-Շվեյցարիա դատավարությունը։ Վերջինս շվեյցարական դատարանի կողմից դատապարտվել է Հայոց ցեղասպանությունը հրապարակավ հերքելու համար (Շվեյցարիայում դա քրեորեն պատժելի է)։ Որպես կողմ մասնակցում էին Հայաստանը, (որպես երրորդ կողմ) Ֆրանսիան, Շվեյցարիան` մի կողմից, Թուրքիան` մյուս:
Դողու Փերինչեքը հայտարարել է, թե 1915-ի հարցը վիճելի է և ավելացրել. «1915-ի դեպքերը «ցեղասպանության» հասկացության մեջ չեն տեղավորվում, դա են ապացուցում գիտական փաստարկներն ու դատարանին ներկայացված 90 կգ կշռող փաստաթղթերը»:
Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանը (սփյուռքի կողմից այս դատը պաշտպանող հիմնական կազմակերպություններից մեկը), ի պատասխան հարցի, թե ինչ վճիռ են ակնկալում ՄԻԵԴ-ից, Tert.am–ի հետ զրույցում ասաց.« Չեմ կրնար որևէ մի կանխատեսում անել և չի կարելի որևէ շշուկի վրա որևէ վերջնական բան ասել»:
Նշենք, որ Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունից վճռի հրապարկմանը ներկա է լինելու միայն կազմակերպության փաստաբանը, իսկ վճռից հետո Հայաստան-Շվեյցարիա ընկերակցությունը հանդես կգա մամուլի ասուլիսով` Շվեյցարիայի ժամանակով 15.30-ին:
«Մենք քանի որ Շվեյցարիայում ենք և այդ ամեն ինչը սկսվեց Շվեյցարիայից, ճիշտ ենք համարում, որ դատարանի վճռի որևէ արդյունքով մամուլի ասուլիսն ավելի ճիշտ է անել հենց Բեռնում»,- պարզաբանեց Սարգիս Շահինյանը` հավելելով. «Դատարանի վճռի հրապարակումը տևելու է տասը րոպե, որից հետո կտեղադրվի կայքում»,– ասաց նա:
Սարգիս Շահինյանը չի կարծում, որ վճռի հրապարակմանը ներկա կլինի Հայաստանը ՄԻԵԴ-ում ներկայացնող միջազգային կարգի իրավապաշտպան Ամալ Ալամուդինը` հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի կինը:
Tert.am–ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ վճռի հրապարակմանը ներկա կլինեն ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը և ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը:
Դողու Փերինչեքն էլ արդեն հայտարարել է, որ վճռին ներկա է լինելու:










