Շվեդական Լունդի համալսարանում դասերը դադարեցվել են՝ անանուն սպառնալիքների պատճառով
Շվեդիայի Լունդ քաղաքի համալսարանն այսօր փակվել է՝ անանուն սպառնալիքների պատճառով, որը երեկ ստացել էին ուսանողները Jodel բջջային հավելվածի միջոցով։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հաղորդում է համալսարանի կայքը:
«Ձեզանից ոմանք կարգին են։ Մի՛ գնացեք վաղը համալսարան, եթե դուք Լունդում եք սովորում: Առավոտյան լուրեր դիտեք»,- սոցցանցում գրել է անանուն բլոգերը:
Այդ հաղորդագրության ի հայտ գալուց հետո ուսանողները զգուշացել են իրենց անվտանգության համար:
Սպառնալից հաղորդագրություններն ուղարկվել են նաև իրավապահ մարմինների աշխատակիցներին, որոնք այդ իրավիճակին շատ լուրջ են մոտեցել ու սկսել են քննել միջադեպը։
Համալսարանի ղեկավարությունն արտահերթ ժողով է հրավիրել, որի ընթացքում որոշվել է մեկ օրով փակել համալսարանը բոլոր ուսանողների ու աշխատակիցների համար:
Դեռևս տեղեկություններ չկան, թե ով կարող է կանգնած լինել սպառնալիքների հետևում։










