Սիրիական ընդդիմությանն աջակցություն տրամադրելով՝ ԱՄՆ-ն «գաղտնի» պատերազմում է ՌԴ-ի հետ. Washington Post

17:02 • 12.10.15

Ռազմական աջակցությունը, որն ամերիկացիները տրամադրում են սիրիական ընդդիմությանը, մեծ դեր է խաղում Մերձավոր Արևելքում հակամարտության մեջ և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև «գաղտնի» պատերազմի նմանություն ստեղծում, չնայած նրան, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցանկանում է խուսափել նման պատերազմից, գրում է The Washington Post-ը։

 

Հաղորդվում է, որ վերջերս ամերիկյան հակատանկային հրթիռային համալիրները Սիրիա են ուղարկվել՝ Սիրիական ազատ բանակին օգնելու համար։ Նշվում է, որ այն ժամանակից ի վեր, երբ Ռուսաստանը որոշեց միջամտել հակամարտությանը, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից ռազմական աջակցությունը սկսում է է՛լ ավելի մեծ նշանակություն ունենալ։

 

Սիրիական ազատ բանակի հրամանատարներից Մուստաֆա Մոարատին հայտարարել է, որ մոտ ժամանակներս սպասվում են ռազմական տեխնիկայի հերթական մատակարարումները։ Այս իրավիճակը հիշեցնում է 1980-ականները, երբ ԱՄՆ-ն Աֆղանստան հրիթռներ էր ուղարկել ռուսական ներխուժումը կանգնեցնելու նպատակով, գրում է թերթը։

 

«Դա պատահական գաղտնի պատերազմ է»,- մեկնաբանում է Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտից փորձագետ Ջեյ Ուայթը։ «Այնպես է ստացվել, որ ապստամբների մոտ մեծ թվով հակատանկային հրթիռային համալիրներ կան։ Այնպես է ստացվել, որ Ասադի ռեժիմի աջակիցները հարձակվում են դրանց վրա Ռուսաստանի օգնությամբ: Ես չեմ տեսնում, որ դա լինի մտածված գաղտնի պատերազմ»,- հավելել է Ուայթը։