ՌԴ ռազմական տեսուչները դիտորդական թռիչք կիրականացնեն Թուրքիայի երկնքում

12:26 • 12.10.15

Ռուս ռազմական տեսուչների խումբը պատրաստվում է Ан-30Б ինքնաթիռով դիտորդական թռիչք իրականացնել Թուրքիայի տարածքում՝ Բաց երկնքի մասին միջազգային պայմանագրի շրջանակում։

 

Այդ մասին հայտնել է միջուկային վտանգի նվազեցման ռուսական ազգային կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիժկովը, գրում է interfax.ru-ն:

 

Դիտորդական թռիչքը կիրականացվի հոկտեմբերի 12-16-ը Դիարբեքիրի օդանավակայանից՝ մինչև 1500 կիլոմետր առավելագույն հեռավորությամբ։

 

Նրա խոսքով՝ ռուսական դիտորդական ինքնաթիռը թռիչք կիրականացնի համաձայնեցված ուղեգծով, իսկ թուրք մասնագետները կհետևեն դիտորդական սարքավորումների կիրառման կարգին և պայմանագրով նախատեսված դրույթների պահպանմանը։

 

«Դիտորդական թռիչքն իրականացվում է Պայմանագրի անդամ պետությունների միջև թափանցիկությանը նպաստելու, ինչպես նաև վստահության միջոցով անվտանգության ամրապնդման նպատակով»,- ասել է Ռիժկովը։