Թուրքիան ահաբեկչության դեմ ավելի արդյունավետ է պայքարում, քան այլ երկրները. Դավութօղլու

17:19 • 12.10.15

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրն ավելի արդյունավետ է պայքարում ահաբեկչության դեմ, քան այլ երկրները, գրում է РИА Новости-ն։

 

«Չկա որևէ այլ երկիր, որն այդքան արդյունավետ կպայքարեր ահաբեկչության դեմ, քան Թուրքիան։ Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո մենք միայն մեկ գիշերվա ընթացքում ձերբակալել ենք 768 անձի՝ ահաբեկչական կազմակերպություններին ներգրավվածության կասկածանքով։ Երեք-չորս օր առաջ Ստամբուլում վնասազերծվել է մահապարտ- ահաբեկիչ։ Այդ մասին հասարակությունը չգիտի: Ինչպես և չգիտի այն, որ ահաբեկչության նախօրեին վնասազերծվել է մահապարտ, ով հարձակում էր նախապատրաստում բարձրաստիճան պաշտոնյայի դեմ։ Այդպիսով՝ հակաահաբեկչական գործողությունն իրականացվում է բարձր մակարդակով և հաջողությամբ»,- ասել է Դավութօղլուն։

 

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանրահավաքի ժամանակ ահաբեկչություն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 97 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 500-ը։

 

Երկու պայթյուն էր տեղի ունեցել «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» հանրահավաքի անցկացման վայրում, որի մասնակիցները հանդես էին գալիս թուրքական իշխանությունների և քրդերի միջև մարտական գործողությունների դադարեցման օգտին։