ԱՄՆ-ն հուսով է, որ Ռուսաստանը և Իրանը ճնշում կգործադրեն Ասադի ռեժիմի վրա. Օբամա
Սիրիայում ճգնաժամի քաղաքական կարգավորման համար «անհրաժեշտ է բոլոր գլխավոր խաղացողների մասնակցությունը»։ ԱՄՆ-ն հուսով է, որ «Ռուսաստանը և Իրանը ճնշում կգործադրեն Ասադի ռեժիմի վրա»։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CBS հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրին տված հարցազրույցում։
«Մենք պատրաստ ենք աշխատել դիվանագիտական ճանապարհներով, և որտեղ կարող ենք՝ աջակցել չափավոր ընդդիմությանը, որը կարող է համոզել ռուսներին և իրանցիներին ճնշում գործադրել Ասադի վրա՝ իշխանությունը փոխանցելու համար։ Բայց… մենք պատրաստ չենք խառնվել Սիրիայի ներսում ռազմական արշավին»,- հայտարարել է Օբաման։
Նա քննադատել է ՌԴ ռազմավարությունը Սիրիայում՝ այն սխալ անվանելով: «Քանի Ասադն իշխանության է, դժվար կլինի չափավոր ընդդիմության ուժերն ուղղել ԻՊ-ի դեմ պայքարին»,- բացատրել է Օբաման։
«Իսլամական պետության» դեմ հաղթանակի համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն, և սուննի բնակչությունը պետք է միանա պայքարին, կարծում է ամերիկացի նախագահը։ Սիրիայի խնդիրը ռազմական միջոցներով հնարավոր չէ լուծել, վստահ է Օբաման։
Ռուսական ռազմաօդային գործողությունը Սիրիայում անակնկալ չի դարձել Միացյալ Նահանգների համար, քանի որ այն «ուշադիր հետևել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին օգնության նպատակով սպառազինության տրամադրմանը»։
«Մեր հետախուզությունը լավն է: Մենք գիտեինք, որ Ռուսաստանը պատրաստվում է ռազմական օգնություն տրամադրել Սիրիային, քանի որ այն վախենում է, որ Ասադի ռեժիմը կտապալվի»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում ցամաքային զորք ուղարկել Սիրիա և Իրաք, բայց կշարունակի այնտեղ ռազմաօդային գործողությունը։










