ՏՏ ոլորտում մրցունակ գաղափարներ ներկայացրած ստարտափները 15 000 դոլար դրամաշնորհ կստանան
«ԱրմԹեք» համաժողովի շրջանակում կազմակերպված գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի մրցույթի շրջանակում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջին քայլերն անող ընկերություններին` ստարտափներին, որոնք կներկայացնեն մրցունակ գաղափարներ, կտրվեն 15 հազարական ԱՄՆ դոլար:
Նշենք, որ մրցույթի կազմակերպիչներն են Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամը` CRDF Global, ՀՀ էկոնոմիայի նախարարությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:
Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք այդքան գումարը բավական է ընկերություններին գործունեություն սկսելու համար, հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը պատասխանեց, որ խնդիր է դրված նաև նորաստեղծ ընկերություններին գումարով «չփչացնել»:
«Պետք է հասկանալ, թե ինչու համար ենք աջակցում։ Դրա համար մենք ունենք երկու հիմնական ծրագիր, առաջին՝ բոլորովին նորաստեղծներին աջակցելու, որոնց գաղափարները դեռ պետք է փորձարկվեն, իսկ արդեն ձևավորված կազմակերպություններին կարող ենք տրամադրել մինչև 50 հազ. դոլար դրամաշնորհ»,- ասաց նա:
Բագրատ Ենգիբարյանն ընդգծեց, որ առաջին տեսակի ընկերությունները գտնվում են ընդամենը գաղափարի փուլում, որտեղ կա 90% չհաջողվելու հավանականություն, և այդ պարագայում 10-15 հազ. ԱՄՆ դոլարը գրավիչ գումար է։
«50 հազար դոլար-ի չափով դրամաշնորհ արդեն տրվել է 30 հատ, որոնցից 16-ը Գյումրիի ու Վանաձորի համար: Գյումրիում արդեն տեխնոլոգիական կենտրոնը կա ու նրանք շատ ակտիվ են գործում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է «ԱրմԹեք» համաժողովի կարևորությանը, Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ այն դարձել է հարթակ նոր ծրագրերի ստեղծման համար:
«ԱրմԹեքի շնորհիվ է ծնվել «Մայքրոսոֆտի» ինովացիոն կենտրոնը, ազգային ինժեներական լաբորատորիան, անցած տարվա «Ջրվեժ» ինժեներական քաղաքի ծրագիրը»,-ասաց նա:










