Ֆրանսիական բնակավայրը տարհանել են Made in Syria օճառի պատճառով
Ֆրանսիական Բրյուե լա Բյուիսյեր կոմունայում իրական խուճապ է առաջացրել Made in Syria` «Պատրաստված է Սիրիայում» պիտակով օճառը, որը վերանորոգման ժամանակ հայտնաբերվել է տներից մեկում։
Ինչպես նշում է euromag.ru-ն, շրջանի ոստիկանությունն ահազանգ է ստացել տանտիրոջից, ով ասել է, որ հայտնաբերել է պայթուցիկի նման նյութերով լի մի քանի տուփ, որոնց վրա գրված է Made in Syria։
Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է ժամանել ոստիկանական 4 բրիգադ. իրավապահները շրջափակել են վտանգավոր տարածքը, դադարեցրել երթևեկությունն ու տարհանել տեղի բնակիչներին։ Դպրոցների մոտ 1.000 աշակերտ լքել են դասարանները` հատուկ ծառայությունների աշխատակիցների հսկողության ներքո։
Սակայն 1 ժամ անց ժամանած սակրավորների խումբը ցրել է խուճապային տրամադրությունը` մանրամասնելով, որ տուփերի պարունակությունը ոչ այլ ինչ է, քան սովորական օճառ։ Այն պատրաստվել է Հալեպում, սակայն ժամկետն անցնելուց հետո փչացել է։










