ԱԺ–ում «ոչ»-ի կողմնակիցները քիչ էին, քանի որ կոնսոլիդացիա չկար. Վիգեն Հակոբյան

17:36 • 13.10.15

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այն համոզմանն է, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական քննարկումները փաստացի որևէ նոր արդյունքի չբերեցին այն առումով, որ թե՛ «այո»-ի, թե՛ «ոչ»-ի կողմնակիցները մնացին իրենց նախնական կարծիքին:

 

«Ի վերջո, մեկնարկային վիճակն ինչպես կար, այնպես էլ մնաց: Իսկ քվեարկությունը բավական կանխատեսելի էր. խորհրդարանում «ոչ»-ի կողմնակիցները պետք է որ բավական քիչ ձայներ ունենային»,-ասաց Վիգեն Հակոբյանը՝ նշելով, թե Հայաստանում քաղաքական գործընթացները սկսում են զրոյանալ, քաղաքական զարգացումներ գրեթե չկան:


Նրա գնահատականով՝ խորհրդարանում «ոչ»-ի կողմնակիցները ոչ թե քաղաքական կոնսոլիդացիա նույնիսկ չապահովվեցին, այլ ընդամենը քաղաքական անձերի կոնսոլիդացիա եղավ, քանի որ «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» խմբակցություններում կային լուրջ տարաձայնություններ:

 

«Ի վերջո, մենք տեսանք, որ այդ երկու խմբակցություններում միահամուռ քվեարկություն չստացվեց: Ընդամենը եղան մի քանի անձեր, դրա համար էլ ընդգծում եմ, որ անձերի կոնսոլիդացիա էր, ոչ թե՝ քաղաքական»,- ասաց քաղտեխնոլոգը:

 

Նա նշեց նաև, որ կային քաղաքական գործիչներ, ովքեր հնարավորինս լղոզեցին իրենց դիրքորոշումը՝ չմասնակցելով քվեարկությանը, հետո մեկնաբանելով, թե իրենք չմասնակցելով դեմ էին լինում և այլն:

 

«Որևէ լուրջ անակնկալներ չեղան նույնիսկ անձերի մակարդակով: Բոլորս էլ գիտեինք, որ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունում կան մարդիկ, ովքեր հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու, «Ժառանգությունը» նույնպես, փաստորեն, ամբողջությամբ կողմ արտահայտվեց՝ բացի Զարուհի Փոստանջյանից: «Ոչ»-ի ճամբարում եղավ ընդամենը ընդդիմադիր հայացքներ ունեցող անձերի կոնսոլիդացիա». սա է փաստը»,-նկատեց Վիգեն Հակոբյանը:

 

Ինչ վերաբերում  է սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողների տարբեր ուղղություններին, Վիգեն Հակոբյանն ասաց, թե նրանք մինչ օրս էլ մի ճակատով հանդես չեն գալիս, իսկ դա արդեն խնդիր է:

«Ընդդիմությունը կարող է քիչ թե շատ հավակնել ընդունելի արդյունքի, եթե քաղաքական պրոցեսը կարողանա վերածել սև ու սպիտակի պայքարի, այսինքն՝ ընտրազանգվածին հրամցնի այն գաղափարը, թե եթե քվեարկում եք կողմ, ուրեմն քվեարկում եք իշխանության վերարտադրության համար»,- նշեց քաղտեխնոլոգը՝ հավելելով, թե ընդդիմությունը հիմնականում դրան պետք է ձգտեր:

 

Մարտավարական տեսակետից էլ, Հակոբյանի գնահատմամբ, ընդդիմության միակ ճիշտ քայլն այն էր, որ փորձում էր ոչ թե իրավական հարթության մեջ բանավեճի մտնել, այլ՝ քաղաքական:

 

«Իշխանությունը, բնականաբար, իրավական հարթության մեջ էր պայքարում, այդպիսով թելադրելով իր խաղի կանոնները: Իշխանության համար լուրջ նվաճում կլիներ, եթե ընդդիմությունն սկսեր իրավական հարթության մեջ բանավիճել: Քանի որ խորհրդարանում ուժերն անհավասար են, դա չէր կարող բերել կոնկրետ արդյունքի: Ընդդիմությանը ոչինչ չի մնում, քան դուրս գալ փողոց: Այլ հարց է, թե ինչքանով է դա հեռանկարային: Մենք տեսնում ենք, որ առանձնապես ակտիվություն և մեծ հետաքրքրություն չկա նաև ժողովրդի մեջ»,– ասաց նա:

 

Քաղաքագետը նշեց նաև, թե իր կարծիքով նման խնդրի առջև է կանգնած նաև իշխանությունը, որպեսզի ինչ-որ ձևով ժողովրդին էլ հետաքրքիր դարձնի այս գործընթացները, որպեսզի ժողովուրդն ինքնակամգնա և իր վերաբերմունքը ցույց տա սահմանադրական փոփոխություններին:

 

Մյուս կողմից էլ, ըստ Վիգեն Հակոբյանի, քանի որ Հայաստանում մեծ տոկոս է կազմում բողոքական ընտրազանգվածը, ապա նրանք կարող է որևէ պրոցեսի չմասնակցել, բայց հանրաքվեի օրը անակնկալ մատուցել՝ բողոքական ընտրազանգվածին բնորոշ վարքագիծ դրսևորել: