Ռուսաստանը Դամասկոսում իր դեսպանատան վրա ականանետային հարձակումն ահաբեկչություն է համարում

15:31 • 13.10.15

Ռուսաստանը Սիրիայում իր դեսպանատան վրա ականանետային հարձակումն ահաբեկչություն է համարում՝ ուղղված միջազգային ահաբեկչության դեմ պայքարողներին վախեցնելուն։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է gazeta.ru-ն։

 

«Ինչ վերաբերում է Դամասկոսում մեր դեսպանատան վրա ականանետային հարձակմանը, իսկապես, այդ հաղորդագրությունները հաստատել է մեր դեսպանը: Երկու ական ընկել է դեսպանատան տարածքում… Դա ակնհայտ ահաբեկչական գործողություն է, որն ուղղված է հավանաբար ահաբեկչության դեմ պայքարի աջակիցներին վախեցնելուն և ծայրահեղականների դեմ պայքարում նրանց հաղթանակը թույլ չտալուն»,- ասել է նախարարը։

 

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է նաև, որ Դամասկոսում ռուսական դեսպանատան վրա հարձակման մեղավորները պետք է պարզվեն և պատժվեն։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունն ականանետային հարձակման է ենթարկվել։ Դիվանագիտական առաքելությունում վիրավորներ չկան։ Բացի այդ, ինչպես РИА Новости-ին հայտնել է ականատեսը, մի քանի ական է պայթել Սիրիայում ՌԴ գործողությունների աջակցության ակցիայի անցկացման վայրի մոտակայքում։

 

Սեպտեմբերի վերջին Ռուսաստանի դեսպանատունը Սիրիայի մայրաքաղաքում արդեն ենթարկվել է ականանետային հարձակման։