Սպասարկում ենք 12 տնտեսություն. Խնձորեսկ համայնքի անասնաբույժ
Համաշխարհային բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության առաջին և երկրորդ ծրագրերի» շրջանակներում հանրապետության 8 մարզերում նախատեսվում է կառուցել անասնաբուժական սպասարկման կենտրոններ, որոնցից մեկը Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի անասնաբուժական սպասարկման կենտրոնն է:
Այս համայնքի անասնաբույժ Գավրոշ Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ կենտրոնը գրեթե վեց ամիս է, ինչ բացվել է: «Սպասարկում ենք 12 տնտեսություն, ամեն տնտեսությունում կա 2-3 անասնաբույժ»,-ասաց նա և նշեց, որ արդյունավետ է տարվում հիվանդությունները կանխման գործընթացը:
Նա նշեց, որ վերջին շրջանում հիմնականում իրենց դիմում են անասունների «ծաղիկ» հիվանդության պատճառով: «30-40 տարի է՝ այդպիսի հիվանդություն չի եղել: Բուժումն իրականացվում է հակաբիոտիկներով և արդյունք տալիս է, անկումներ չկան»,- ասաց նա:
Գավրոշ Գրիգորյանը նշեց, որ համայնքում անասնաբույժների պակասի խնդիր կա, քանի որ երիտասարդները չեն գնում սովորելու: Անասնաբույժը հայտնեց, որ Խնձորեսկ համայնքում հաշվառված է 4850 գլուխ խոշոր եղջերավորների գլխաքանակ:
Նշենք, որ կենտրոններում աշխատելու են ծրագրի շրջանակներում համապատասխան վերապատրաստում անցած անասնաբույժներ և նրանք ծառայություններ մատուցելու նպատակով ապահովվել են անասնաբուժական և արհեստական սերմնավորման համար անհրաժեշտ գործիքներով և սարքավորումներով:










