Ձերբակալվել են ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ի խմբագրի եղբայրները

17:18 • 14.10.15

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է ընդդիմադիր Meydan TV առցանց ծառայության խմբագիր Գյունել Մովլուդի եղբայրների ձերբակալությունը, հայտնում է contact.az-ը։

 

Մամուլի ծառայության աշխատակից Էհսան Զախիդովը հաղորդել է, որ հոկտեմբերի 13-ին ոստիկանությունն օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձերբակալել է Վեքիլ և Ռաջի եղբայրներին:

 

Նրանցից մեկը ձերբակալվել է Բիլասուվարում, երկրորդը՝ Սումգայիթում:

 

Զննման ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել են թմրանյութեր, հարուցվել է քրեական գործ:
Եղբայրներին մի քանի տարվա ազատազրկում է սպառնում թմրանյութեր պահելու ու տարածելու մեղադրանքներով։

 

Մովլուդը հայտնի է իշխանությունների հասցեին իր սուր քննադատություններով, նա այժմ բնակվում է արտերկրում։