Խաղողը հասկացանք, բա բադրիջանի ու պոմիդորի տերե՞րը. գյուղացիները փակել են Երևան-Արմավիր ճանապարհը
Արշալույս գյուղի բնակիչները փակել են Երևան-Արմավիր մայրուղին՝ այս անգամ դժգոհելով, որ ոչ միայն խաղողի, այլև լոլիկի ու բադրիջանի բերքը չի մթերվում ու պահանջելով, որ սառեցվեն բանկից վերցված վարկերը:
Երբ դեպքի վայր ժամանած Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ «Ագրիկոլ» բանկի հետ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել, մարդիկ եկել, «վարկառուների հետ աշխատում են», գյուղացիներից մեկը նկատեց. «Խաղողը հասկացանք, բա բադրիջանի ու պոմիդորի տերե՞րը»:
Նորիկ անունով գյուղացին տեղեկացրեց, որ միայն իրենից 120 տոննա բադրիջան չեն մթերել։
«30 տոննա մի զավոդ վերցրեց, վարչապետն էլ ասաց՝ չի մնա բերքը, 30-40 տոննան էլ նեխում է, ես էդ չափի տուժամ: Մթերում են 40 դրամով. արդեն քոլերից իմ վրա բադրջանը նստած է 40 դրամով»,-հայտարարեց նա։
Մեկ այլ գյուղացի էլ պատմեց, որ 50 տոննա լոլիկ է թափել, իրեն մնացել «պարարտանյութի ու թույնի փողը»:
«Հասել է ամսվա վերջ, ամսի 20-ին վարկի օրն ա, չունենք մենք տալու» ,-բողոքում էր մեկ այլ գյուղացի
Մի կին էլ Աշոտ Ղահրամանյանին տեղեկացրեց, որ բանկերը ստում են, որ սառեցնում են վարկերը: Օրինակ՝ իր վարկի 200 հազար մայր գումարի վրա 170 հազար դրամ տոկոս է ավելացել: Հիմա մթերողներ գումար չեն տալիս, բայց բանկերը, մեկ օր երբ վարկն ուշացնում են, օրական 1,5 տոկոսի տույժ են ավելացնում:
Մարզպետն էլ բարկացավ` ասելով, որ երևի գնում են՝ 30 տոկոսով վարկ են վերցնում:
Գյուղացիները նաև հայտարարեցին, որ այս տարի Վրաստան արտահանումը սահմանափակված էր, քանի որ ոչ թե վրացիներն էին խնդիրներ ստեղծում, այլ ՀՀ մաքսատունը:
Մինչ մարզպետը հերքում էր սա, գյուղացին բարկացած նկատեց, որ սեփական աչքերով է տեսել. «Երեկ եմ տամոժնյա եղել, տղուս էի ճանապարհում Ռուսաստան: Բոլ ա, էլի, կյանքներս կերաք»:










