ՀՀ վարչապետը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ԵՏՄ-Իրան երկխոսության ձևավորմանը և համագործակցության խորացմանը
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահի Էսհաղ Ջահանգիրիի հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ճանապարհային ենթակառուցվածքների ծրագրերին, մասնավորապես «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին և Հայաստան-Իրան երկաթգծի նախագծին:
«Երկուստեք կարևորել ենք դրանց առանցքային դերը տարածաշրջանային փոխգործակցության բարելավման և միջանցքի երկայնքով տնտեսական աճի ապահովման հարցում»,-հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նա տեղեկացրեց, որ հատուկ ընդգծվեց հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և կանոնավոր հանդիպումների անհրաժեշտությունը, որը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցն է:
Հանդիպման ընթացքում շոշափվել են նաև Եվրասիական տնտեսական միություն-Իրան հարաբերություններին առնչվող հարցերը. «Հայաստանի Հանրապետության կառավարության անունից պատրաստակամություն հայտնեցի աջակցելու ԵՏՄ-Իրան երկխոսության ձևավորմանը և համագործակցության խորացմանը, մասնավորապես՝ ԵՏՄ-Իրան ազատ առևտրի նախապատրաստվող համաձայնագրի կնքման համատեքստում»,- նշեց վարչապետը:










