Որևէ սահմանափակում չկա ՀՀ և ԻԻՀ հարաբերությունների զարգացման համար. Իրանի փոխնախագահ

21:48 • 14.10.15

Որևէ սահմանափակում չկա Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման  համար: Այս մասին լրագրողների հետ  հանդիպման ընթացքում հայտարարեց ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին՝ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո:

 

«Տնտեսական բնագավառում Իրանի հաջողությունները 5+1 ձևաչափում նոր և դրական պայմաններ են ստեղծում հարաբերությունների զարգացման համար և նոր բնագավառներ են բացում երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար»,- ասաց Էսհաղ Ջահանգիրին:


Անդրադառնալով Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքներին, ԻԻՀ փոխնախագահը նշեց, որ այն ինչ-որ ժամանակ դժվարություններ ուներ սակայն Հայաստանի վարչապետի՝ Իրան կատարած այցի ընթացքում  բանակցությունների շրջանակում ձեռք բերած պայմանավորվածությունների և գործադրած ջանքերի արդյունքում շինարարությունը վերսկսվել է, և այն ավարտին կհասցվի կարճ ժամանակահատվածում:


Փոխնախագահը նշեց, թե հանդիպմանը քննարկվել են տրանսպորտային հաղորդակցության և երկաթուղային հաղորդակցությանը առնչվող հարցեր։


Նշենք, որ վաղը Երևանում տեղի կունենա ՀՀ-ԻԻՀ գործարար համաժողովը, որը որոշ ժամանակ անց կանցկացվի նաև Թեհրանում:


Հիշեցնենք, որ այսօր ԻԻՀ առաջին փոխնախագահի հետ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել էր, թե հանդիպման ընթացքում շոշափվել են նաև Եվրասիական տնտեսական միություն-Իրան հարաբերություններին առնչվող հարցերը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության անունից պատրաստակամություն հայտնեցի աջակցելու ԵՏՄ-Իրան երկխոսության ձևավորմանը և համագործակցության խորացմանը, մասնավորապես՝ ԵՏՄ-Իրան ազատ առևտրի նախապատրաստվող համաձայնագրի կնքման համատեքստում»,- նշել է վարչապետը: