Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կրկին կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել ընդդիմադիր գործչին

13:29 • 14.10.15

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կրկին կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել «ՌեԱլ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին, գրում է contact.az-ը։

 

«Ես բազմիցս դիմել եմ Ադրբեջանին Մամեդովի առիթով և հայտարարություններով եմ հանդես եկել: Կարծում եմ՝ նա սխալ է դատապարտված և պետք է ազատ արձակվի»,- ասել է Յագլանդը երեքշաբթի օրը Ստրասբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի և մասնավորապես՝ Մամեդովի գործի մասին Turan-ի լրագրողի հարցին։

 

Մամեդովը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ Իսմայիլիի դեպքերի առնչությամբ։

Ստրասբուրգի դատարանը 2014 թվականին ընդունել էր Մամեդովի ձերբակալության ընթացքում թույլ տրված խախտումներն ու նրա քրեական հետապնդման քաղաքական դրդապատճառները։



Ադրբեջանի իշխանությունները, սակայն, ձգձգում են Մամեդովի նկատմամբ ՄԻԵԴ-ի վճռի կատարումը։



Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն բազմիցս Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել ՄԻԵԴ-ի որոշումը Մամեդովի վերաբերյալ և ազատ արձակել նրան։