Սնոուդենը չպետք է վերադառնա ԱՄՆ. Քլինթոն
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն անդրադարձել է ամերիկյան հատուկ ծառայությունների` իր սկանդալային բացահայտումներով հայտնի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին` խորհուրդ տալով վերջինիս հետ չգալ Միացյալ Նահանգներ։
Ինչպես նշում է ria.ru-ն, Դեմոկրատական կուսակցության թեկնածուի կարծիքով՝ Սնոուդենը պետք է օգտվի Ռուսաստանի տրամադրած քաղաքական ապաստանից և շարունակի մնալ այդ երկրում։
«Նա խախտել է ԱՄՆ-ի օրենքներն ու գողացել կարևոր տեղեկություններ: Ուստի՝ չեմ կարծում, որ նա պետք է տուն վերադառնա»,-ասել է նախագահական աթոռի հավակնորդը` հավելելով, որ Սնոուդենը պետք է ժամանակին օգտվեր օրենքով սահմանված պաշտպանության իրավունքից ու մնար Միացյալ Նահանգներում։
Հիշեցնենք, որ 2013թ. Սնոուդենի սկանդալային բացահայտումների արդյունքում հայտնի դարձավ, որ ամերիկյան հետախուզական ծառայությունները զանգվածային գաղտնալսումներ են իրականացնում բազմաթիվ պետությունների ղեկավարների նկատմամբ։










