Սիրիայում 2 իրանցի գեներալ է զոհվել
Սիրիայում մարտերի ընթացքում երկու իրանցի գեներալ է զոհվել, հաղորդում է lenta.ru-ն՝ իրանական «Թասնիմ» գործակալությանը հղումով։
Գեներալ-մայոր Ֆարշադ Հասունիզադեն և գեներալ Համիդ Մոհթարբանդը սպանվել են մարտերում երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 12-ին։ Որտեղ են նրանք զոհվել՝ չի հաղորդվում, հայտնի է միայն, որ նրանք կռվել են «Իսլամական պետության» գրոհայինների դեմ Սիրիայում, գրում է lenta.ru-ն:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է՝ սիրիական կառավարական զորքերն Իրանի, «Հըզբոլլահ» շարժման և ռուսական ավիացիայի աջակցությամբ պատրաստվում են լայնամասշտաբ հարձակում սկսել Հալեպի շրջանում։ Սիրիական բանակային ստորաբաժանումներն ուժեղացված են հազարավոր իրանցի կամավորներով, որոնք պետք է կարևոր դեր խաղան քաղաքի համար մարտերում։
Հոկտեմբերի 8-ին Հալեպի մոտակայքում մահացել է իրանցի գեներալ Հոսեյն Համեդանին, ով նախագահ Բաշար ալ-Ասադի զորքերին օգնել է ռազմական գործողություններ կազմակերպել ԻՊ-ի գրոհայինների դեմ:










