Ուզբեկստանի քաղաքացին Twitter-ում խնդրում է ազատել իրեն ԻՊ-ի գերությունից

13:02 • 14.10.15

Ուզբեկստանում սոցիալական ցանցերի օգտատերերը տարածում են այդ երկրի քաղաքացի Ջալոլիդին Կոդիրովի տեղեկատվությունը, որը Twitter-ում խնդրում է իրեն ազատել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գերությունից։ Նա հայտնում է, որ ԻՊ-ի գրոհայինները ծեծում են իրեն և պահանջում կռվել Սիրիայում, գրում է РИА Новости-ն։

 

Twitter-ի օգտատերը հոկտեմբերի 8-ին հայտարարել է, որ խաբեության միջոցով տեղափոխվել է թուրքական Հաթայ քաղաք, որտեղ իր հայրենակիցն իրեն վաճառել է ԻՊ-ի գրոհայիններին։

 

«Ահաբեկիչներն ինձ կալանքի տակ են պահել, որովհետև ես հրաժարվել եմ մեկնել Սիրիա՝ պատերազմելու»,- հայտնում է Կոդիրովը: Նրա խոսքով՝ նա երկու անգամ փորձել է փախչել, բայց իրեն բռնել են և ծեծել:

 

«Ծեծելիս ջարդել են իմ ոտքը և կոնքերս, այդ պատճառով չեն ուղարկել պատերազմի: Շուտով ինձ կտանեն պատերազմի, որովհետև կոտրվածքները բուժվել են: Եթե ես չգնամ, ինձ կսպանեն։ Այսօր սպանել են թուրքմեն երկու տղայի: Խնդրում եմ, օգնեք, ես գրել եմ նաև դեսպանատուն»,- նշվում է Կոդիրովի հաղորդագրության մեջ։

 

Թուրքիայում Ուզբեկստանի դեսպանատան ներկայացուցիչները հայտնել են, որ կապվել են թուրքական իշխանությունների հետ Կոդիրովին գտնելու և նրա պատմության ճշմարտացիությունը ստուգելու համար։