Ասանժին խնդրում են թույլ տալ հիվանդանոց գնալ՝ հետազոտության

09:43 • 15.10.15

Էկվադորի արտաքին գործերի նախարար Ռիկարդո Պատինյոն հայտարարել է, որ WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին անհրաժեշտ է ապահով միջանցք տրամադրել հիվանդանոց հասնելու համար, գրում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը։

 

Պատինյոն պատմել է, որ արդեն երեք տարի Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապրող Ասանժը բժշկական օգնության կարիք ունի։

 

Բժիշկների խոսքերով՝ ավստրալացին մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի կարիք ունի աջ ուսի ցավերի պատճառը հասկանալու համար։

 

Էկվադորի ԱԳՆ-ում կարծում են, որ Մեծ Բրիտանիան պետք է Ասանժին հիվանդանոց այցելելու հնարավորություն ընձեռի։ 

 

Հիշեցնենք, որ Շվեդիայի դատախազությունը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ներկայացված սեռական բնույթի հանցագործությունների կատարման չորս մեղադրանքներից երկուսը չեղարկել է։