Միջազգային հանրությունը պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ. Դավիթ Բաբայան

09:36 • 15.10.15

Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը Ադրբեջանի հասցեին կոշտ հայտարարություններ հնչեցնի և նախաձեռնի համապատասխան քայլեր, ապա Լեռնային Ղարաբաղի հակամարտության ադրբեջանական կողմը կփոխի ագրեսիվ քաղաքականությունը, կզսպվի: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:


«Ադրբեջանի նկատմամբ, օրինակ, պետք է պատժամիջոցներ կիրառվեն: Ադրբեջանական չինովնիկներին, մասնավորապես Նախագահ Ալիևին, պաշտպանության նախարար Հասանովին, ովքեր կոչ են անում խփել Ստեփանակերտից թռչող ինքնաթիռը, համապատասխան ձևով պետք է թույլ չտրվի թռնել եվրոպական այս կամ այն պետություն: Քանի որ նրանք և նրանց մտերիմները չեն կարողանում առանց փարիզների ապրել, կարծում եմ, որ նման քայլը կլինի բավական ազդեցիկ»,- ասաց Դավիթ Բաբայանը՝ շեշտելով, որ միայն նման որակի պատժամիջոցների կիրառման արդյունքում Ադրբեջանը կդառնա ավելի զուսպ:


ԼՂ նախագահի խոսնակը հիշեցրեց, որ նախկինում նման պատժամիջոցներ են կիրառվել նաև Սիրիայի դեմ, և ունեցել են իրենց արդյունքը:


Անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի կոչին, թե հակամարտության կողմերը պետք է հրաժարվեն ուժի կիրառումից և քաղաքական կամք դրսևորեն փոխըմբռնման հասնելու համար, Դավիթ Բաբայանն ասաց, որ ոչ հասցեական նման հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի քաղաքականությունն է:


«Սա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր պետությունների որդեգրած ընդհանուր մոտեցումն է: Մենք միշտ ասել ենք, որ անհրաժեշտ է, որ հայտարարությունները լինեն հասցեական, որպեսզի խախտող կողմը լինի զուսպ: Մենք հասկանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի անհանգստությունը, նրանք չեն ուզում իրավիճակը բարդանա, ուստի որդեգրել են նման քաղաքականություն: Բայց վաղուց ժամանակն է, որ նրանք ավելի կոշտ դիրքորոշում ընդունեն և Ադրբեջանին նկատողություններ անեն, ինչպես օրինակ՝ պատժամիջոցների կիրառումը»,- ընդգծեց Բաբայանը: