Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի վճռում գլոբալ քաղաքական շահեր կային. քաղաքագետ
Քաղաքագետ Էդիկ Հովսեփյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փերինչեքի գործով ՄԻԵԴ վճռին, նշեց, որ հիասթափված է Եվրամիության այդ վերաբերմունքից:
«Ես ակնկալում էի, որ այնպիսի մի որոշում կկայացվեր, որը կբավարարի բոլոր կողմերին, սակայն ՄԻԵԴ-ը միանշանակորեն բռնեց Թուրքիայի կողմը, և սրա հետևանքները մենք դեռ պետք է կարողանանք գնահատել»,-ասաց նա:
Քաղաքագետը նշեց, որ հայերը պայքարում են ժխտողականության դեմ բուն Թուրքիայում և հանկարծ Եվրոպան բացում է «Պանդորայի արկղը» ժխտողականության համար:
«Այսինքն՝ ես կարծում եմ, որ Եվրոպական դատարանը խրախուսեց ժխտողականությունը»,-ասաց նա:
Էդիկ Հովսեփյանը նշեց նաև, որ այսօր տեղի է ունենում Եվրամիության գագաթաժողովը, որտեղ, ինչպես ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Թուրքիային գլխավոր դեր են վերապահում փախստականների հարցով և նախատեսում են մեծ գումարներ տրամադրել:
Ըստ նրա՝ Եվրոպան հաճոյացավ Թուրքիային և Հայոց ցեղասպանության և միլիարդավոր գումարներ տրամադրելու հարցով:
«Այստեղ Հայաստանի հիմքերը դեր չէին կատարում, քանի որ մեծ քաղաքական գլոբալ շահեր կային»,-ասաց նա:










