Իրավապաշտպանները պատմել են Հոմսի շրջանում Ասադի ուժերի հարձակման մասին (տեսանյութ)
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերը ռուսական ավիացիայի աջակցությամբ Հոմսի շրջանի հյուսիս-արևմուտքում հարձակման են անցել։ Այդ մասին հայտնում է Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խումբը, գրում է lenta.ru-ն։
Իրավապաշտպանների տեղեկություններով՝ ՌԴ օդուժն առնվազն 15 հարված է հասցրել գրոհայինների գոտում, ինչի հետևանքով վեց գրոհային է սպանվել։ Կառավարական ուժերի և նրանց հակառակորդների միջև հիմնական ռազմական գործողությունները տեղի են ունենում Հոմս և Համա քաղաքների միջև ապստամբների հսկողության տակ գտնվող Թալբիսե բնակավայրից հարավ։
Պաշտոնական Դամասկոսին դիմադրելու համար Հոմսի շրջանում միավորվել են տարբեր խմբավորումներ, ներառյալ՝ «Ան-Նուսրայի ճակատ»-ի իսլամիստները։
Հոկտեմբերի 8-ին իրավապաշտպաններն արդեն հայտնել են ռուսական ավիացիայի օժանդակությամբ Համայի և Իդլիբի շրջաններում Ասադի ուժերի հարձակման մասին։
Ավելի վաղ gazeta.ru-ի ռազմական աղբյուրը հայտնել էր, որ սիրիական կառավարական զորքերը զանգվածային գործողություն են սկսել Հոմս նահանգում:
«Ժամը 5.30-ին բանակն սկսել է մասշտաբային գործողություն Հոմս նահանգում։ Ազատագրվել է Խալդիյե գյուղը և նրա հարևանությամբ գտնվող բնակավայրը: Այս պահին իրադրությունն այս ճակատում հրաշալի է»,-ասել է գործակալության աղբյուրը։










