ԱՄՆ-ն պարզաբանել է՝ ինչու է մերժել ընդունել Մեդվեդևի գլխավորած պատվիրակությանը

09:02 • 15.10.15

Ամերիկյան վարչակազմն անհրաժեշտություն չի տեսել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակության հետ շփման համար, քանի որ չի կարծում, որ Ռուսաստանը կառուցողական ներդրում է ունենում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը։

 

«Այդ պատվիրակության նպատակը ռազմական համագործակցությանը նպաստելն էր և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև համակարգումը։ Անկեղծ ասած՝ մենք ասել ենք, որ հետաքրքրված չենք, քանի դեռ Ռուսաստանը չի ձգտում կառուցողական ներդրում ունենալ ԻՊ-ի դեմ պայքարի մեր ջանքերում»,-ասել է նա ճեպազրույցի ընթացքում, փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

 

Նա հայտարարել է, թե Ռուսաստանը Սիրիայի հարցում իր պլաններն ունի, և դրանք իրականացնում է միայնակ:

 

Խոսելով ռուսական առաջարկի մասին՝ ԱՄՆ պատվիրակություն ուղարկելու վերաբերյալ, Էռնեստն ասել է, որ այդ խնդրանքը չի լսել ոչ միայն ԱՄՆ-ն, այլև ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայի մնացած 65 անդամներն էլ։

 

Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ ներկայում Ռուսաստանն իր գործողությունները համակարգում է միայն Իրանի ու Դամասկոսի հետ։

 

«Այնպես որ ես զարմացած չեմ, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է իր վարչապետին ուղարկել ԱՄՆ՝ փորձելու մեզ համոզել միանալ Սիրիայում ՌԴ-ի միակողմանի գործողություններին։ Սակայն մենք դրան չենք գնա: Մենք պատրաստ էինք ողջունել Ռուսաստանի կառուցողական ներդրումը, որը կդառնար ԻՊ-ի դեմ միջազգային պայքարի մասը։ Սակայն Ռուսաստանն այլ պլաններ ունի»,-ասել է նա։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն մերժել է Ռուսաստանի առաջարկը վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ Մոսկվա պատվիրակություն ուղարկելու առնչությամբ: