Պուտինը և Նազարբաևը քննարկել են ԵՏՄ-ի զարգացմանն առնչվող հարցեր

10:57 • 15.10.15

Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին և Եվրասիական տնտեսական միության զարգացմանն առնչվող հարցեր, հաղորդում է РИА Новости-ն։

 

Նման թեմատիկա է առաջարկել Պուտինը Նազարբաևին՝ նեղ կազմով բացելով հանդիպումը։

 

ՌԴ նախագահը նշել է, որ պետական այցի կարգավիճակը, որով նա ժամանել է Ղազախստան, ընդգծում է երկու երկրների հարաբերությունների մակարդակն ու բնույթը։

 

Պուտինի խոսքով՝ երկու երկրների տնտեսությունների զարգացման համար պայմաններ է ստեղծում նաև ԵՏՄ-ն։

 

«Մենք տեսնում ենք արդեն մեր շատ գործընկերներից տնտեսական միությունների միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ առաջարկներ, նրանք ցանկություն են հայտնում համագործակցել Եվրասիական միության հետ տարբեր ձևաչափերով»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

 

Իր հերթին, Նազարբաևը վստահեցրել է իր ռուս գործընկերոջը, որ Ղազախստանը «եղել և մնում է Ռուսաստանի ամենամոտ հուսալի հարևանը»։ Նազարբաևը նաև փաստել է ԵՏՄ-ի զարգացումը: «Կարծում եմ՝ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»,- ընդգծել է նա։

 

Ղազախստանի նախագահը նաև առաջարկել է Պուտինին հինգշաբթի օրը հանդիպմանը քննարկել «տարածաշրջանային և միջազգային բնույթի սուր հարցերը»։