Հայոց ցեղասպանությունը ՄԻԵԴ-ում որևէ կերպ չժխտվեց. Գևորգ Պետրոսյան
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում այսօր կայացված Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով վճիռը կարևոր էր նրանով, որ Հայոց ցեղասպանության փաստը որևէ կերպ չժխտվեց: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:
«Բայց նաև չեմ կարծում, որ դատարանն այնպիսի իրավասություն ունենար, որ որևէ կերպ ժխտեր Հայոց ցեղասպանությունը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ինչպես նշվում է ՀՀ գլխավոր դատախազության տարածած մամուլի հաղորդագրության մեջ, Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջները Փերինչեքի գործով ամբողջությամբ բավարարվեցին Եվրոպական դատարանի կողմից:
Գործին մասնակցելով երրորդ կողմի կարգավիճակում՝ Հայաստանի Հանրապետությունն ակնկալում էր, որպեսզի Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձևակերպումներ, որոնք կարող են որևէ կերպ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը:
Թուրքագետը միաժամանակ նաև նշեց, որ ամեն դեպքում վճռում առաջնահերթությունը տրվեց խոսքի ազատությանը, ինչը նշանակում է, որ բոլոր այն երկրներում, որտեղ ազդեցություն ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հնարավոր կլինի ժխտել Հայոց ցեղասպանությունը:
«Փերինչեքին թուրքական պետությունը աջակցություն է ցուցաբերել, ես գրեթե վստահ եմ, որ ներքին աջակցություն ևս եղել է, իսկ թուրքական մամուլը որակում է այս գործը որպես պատմական հաղթանակ»,-ասաց նա:










