Դատապարտյալների հարազատները իրենց դիմումը հանձնեցին նախագահական նստավայր. տեսանյութ
15.12
Դատապարտյալների հարազատները իրենց դիմումը հանձնեցին նախագահական նստավայր
Կառավարության շենքի մոտից դատապարտյալների հարազատները որոշեցին շարժվել դեպի նախագահական և դիմում հանձնել՝ պահանջելով վերանայել անազատության դատապարտված իրենց հարազատների քրեական գործերը:
Նրանք վստահություն հայտնեցին, որ հացադուլավորների դիմումը դեռևս չի հասել նախագահական նստավայր:
Հասնելով նախագահական նստավայր, նրանցից չորսը բարձրացան վերև՝ դիմումը հանձնելու, իսկ իջնելուց հետո ասացին, որ իրենց տեղեկացրել են, որ հենց այսօր արդեն ստացել են դատապարտյալների դիմումը, որին կպատասխանեն 10 օրից:
Դատապարտյալների հարազատները որոշեցին դարձյալ հաջորդ հինգշաբթի՝ կառավարության նիստի օրը հավաքվել գործադիրի շենքի առջև:
Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են անում երկու օրից ավելի հացադուլ հայտարարած դատապարտյալների հարազատները, ովքեր պահանջում են վերանայել տարբեր ժամկետներով անազատության դատապարտված հարազատի քրեական գործը։
Հավաքվածների հիմնական մասը ցմահ դատապարտվածների հարազատներն են։ Նրանք լրագրողների հետ զրույցում զարմանալի համարեցին, որ այս 25 տարիների ընթացքում որևէ մեկի գործը չի վերանայվել։
Դատապարտվածներից մեկի տատիկը նշեց, որ հնարավոր բոլոր ատյաններին դիմել է՝ խնդրելով վերանայել դատապարտված թոռնիկի գործը, բայց այսպես էլ խնդրանքը մնացել է անարձագանք։
«Երկրի ղեկավարին եմ անգամ մոտեցել, ձեռքով բարևել եմ, խոսացել եմ, դիմում եմ տվել, բայց գործը էլի չի վերանայվել, բայց մենք բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ մեր երեխան անմեղ է»,-ասաց նա։
Tert.am-ի հարցին, թե պահանջում են վարչապետի հետ հանդիպում, պատասխանեցին, որ իրենց պահանջը միայն գործերի վերանայումն է, որպեսզի առանց այդ էլ առողջությունից զրկված իրենց որդիներն ու ամիսները դադարեցնեն հացադուլը։












